10
ՍԵՊՏԵՄԲԵՐ
20:00

«Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ճանաչում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, պրոֆեսորի պաշտոնակատար ԳԵՐՈՆՏԻ ՍԵՄՅՈՆԻ ԹԱԼԱԼՅԱՆԻՆ, նրա ակնառու մանկավարժական, երաժշտական-լուսավորչական և արտիստական գործունեությունը։Երկար տարիներ փաստացի գլխավորելով Հայաստանի թավջութակի արվեստը՝ նա պատրաստել է հիանալի թավջութակահարների մի ամբողջ համաստեղություն՝ Անդրկովկասյան և Համամիութենական մրցույթների մասնակիցների, մրցանակակիրների և դիպլոմակիրների։ Դեռևս ուսանողական տարիներին, Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Գ. Ս. Կոզոլուպովայի դասարանում, Թալալյանն աչքի էր ընկնում որպես բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ կատարող։ Ավելի ուշ նա կյանքի կոչեց հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ։ Դրանց թվում են Կ. Օրբելյանի, Ղ. Սարյանի, Ս․ Նաղդյանի և շատ ուրիշների՝ թավջութակի համար գրված ստեղծագործությունները։ Ներկայումս Գ. Ս. Թալալյանը Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ է։ Փայլուն կատարող լինելով՝ նա հանդես է գալիս կամերային անսամբլներում, ղեկավարում Երևանի կոնսերվատորիայի լավագույն դասարաններից մեկը։ Գ. Ս. Թալալյանը նաև ղեկավարում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի նվագախումբը և իր իսկ ստեղծած թավջութակահարների անսամբլը։ Հաշվի առնելով նրա բազմակողմանի գործունեությունը (մեծ թվով խմբագրություններ, այդ թվում՝ «Թավջութակի դպրոցը», կատարողական և մանկավարժական գործունեությունը և այլն)՝ ջերմորեն պաշտպանում եմ ԳԵՐՈՆՏԻ ՍԵՄՅՈՆԻ ԹԱԼԱԼՅԱՆԻՆ պրոֆեսորի կոչում շնորհելու հարցը»։
Մեծանուն թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի 1971 թվականին գրված կարծիքն իր համախոհ, համադասարանցի ու մեծ ընկերոջ մասին առաջին հերթին ուղղված էր այն անկրկնելի անհատականությանը, ով աշխարհին թավջութակի հայկական դպրոցը ներկայացնող հիմնադիր սյուներից էր, որպես մանկավարժ ու կատարող։
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանի 100-ամյակին է նվիրված ԵՊԿ դասախոսներ թավջութակահար Անդրանի Աղաջանյանի և դաշնակահար Արմեն Աղաջանյանի ելույթը «Արդէան» արվեստի կենտրոնում։
Մշակութային երեկոներ․ Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության» շարքի հերթական հանդիպմանը երաժիշտները հրավիրում են գերմանական կամերային երաժշտության երեկոյի։
Ծրագրում՝
ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 3, op. 69, A dur
ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍ
Թավջութակի և դաշնամուրի սոնատ թիվ 2, op. 99, F dur
Սեպտեմբերի 10, ժամը 20։00
«Արդեան» արվեստի կենտրոն
Հասցե՝ Աբովյան 1/1
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 098-18-47-47